Բաց նամակ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Hasmik
Տիկին նախարար.
Երկու օր առաջ Սիվիլնեթը հրապարակեց լուսանկարներ՝ Սանահինի վանական համալիրում կատարվող բարբարոսությունների վերաբերյալ: Այո, բարբարոսություն բառիս ամենաիսկական իմաստով, երբ վերանորոգման աշխատանքների անվան տակ այնտեղ վնասվում են վիմագիր արձանագրությունները:
Կարծում եմ՝ պարտավոր եք տեղյակ լինել. Հենց վիմագրերն են մեր բազմադարյա պատմության իրական վկաները. Հենց վիմագրերի ոչնչացմամբ ու կեղծմամբ են մեր ոչ բարյացկամ հարևանները՝ թուրքերը, ադրբեջանցիներն ու վրացիները յուրացրել ու փորձում են յուրացնել մեր ազգային արժեքները…
Եվ այսօր, այդ թուրքաբարո գործին լծվել է ոչ ավել, ոչ պակաս՝ Ձեր ղեկավարած կառույցը՝ ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Ձեր գերատեսչության հովանու ներքո գտնվող Սանահինի վանական համալիրը, որ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հաշվառված կառույց է, այսօր Ձեր ոչ բարեխիղճ, անպատասխանատու և ոչ հետևողական աշխատանքի պատճառով ուղղակի պղծվում է:
Սանահինի գավիթում դեռ ամիսներ առաջ ավերածություններ կատարվեցին. Գավիթի տապանաքարերի արանքը լցվեց շաղախով, ապա՝ տապանաքարերն ուղղակի հավասարեցվեցին սրբատաշ քարերով: Հասկացեք վերջապես, գավիթը դա տապանատուն է, այլ ոչ սաունա, և եվրովերանորոգման նման աշխատանքներ այնտեղ չի կարելի կատարել: Ի դեպ, նույն սալահատակն արվեց տարիներ առաջ նաև Տաթևի վանքում…
Բայց, դարձյալ Սանահինի մասին. Չեմ կարծում, թե Դուք երբևէ հարկ համարած լինեք Ձեր փափուկ բազկաթոռից բարձրանալ և շրջել Հայաստանի հուշարձաններով. Այլապես՝ կիմանայիք, թե ինչ արժեքավոր կոթողներ ունենք անտեր-անտիրական…
Նույն Սանահինի վանական համալիրի տարածքում անտեր վիճակում է Զաքարյանների դամբարանը: Զաքարե Զաքարյանի, ով իր սրով հայոց Փառքն է կերտել, ով հայոց երկրի ազատարարն է հանդիսացել: Կարծում եմ՝ գոնե 7-րդ դասարանցի աշակերտ կլինի ձեր բարեկամների շրջանում, ու նա գոնե Ձեզ կբացատրի, թե իրականում ով է եղել Զաքարե Զաքարյանն ու հիմա ինչպես է Ձեր գերատեսչությունը ,,խնամում,, նրա և նրա ժառանգների դամբարանը:
Տիկին նախարար. Կոչ եմ անում դադարեցնել Սանահինի վանական համալիրում վերանորոգման աշխատանքների անվան տակ իրականացվող բարբարոսությունը:
Կան իրավիճակներ, երբ բացթողումներն ու սխալները վարչական, իրավական դաշտից զատ տեղափոխվում են նաև բարոյական հարթակ. Սա նմանատիպ իրավիճակ է. Այն, ինչ կատարվում է այսօր Սանահինում՝ անբարոյականություն է.
Վահե Լոռենց
11.06.2015

Facebooktwittergoogle_pluslinkedin