ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

 

Մթա 200 թվականին, Երվանդունյաց տոհմի կրտսեր ճյուղից ոմն Արտաշես, սելևկյան բանակով մտավ Հայաստան, սպանեց հայոց Երվանդ Դ արքային, երկիրը դարձրեց օտարահպատակ և դարձավ Մեծ Հայքի սելևկյան կառավարիչ: Հակապետական ու ապազգային քայլ, որ կարելի է դավաճանություն անվանել: Սակայն, 10 տարի անց նույն Արտաշեսն ապստամբեց սելևկյանների դեմ, Մեծ Հայքի անկախությունը հռչակեց և ամուր պետություն հիմնեց: Չնայած, որ նա Երվանդունյաց արքայատոհմից էր, նրան հաջորդած գահակալներն իր անվամբ կոչվեցին Արտաշեսյան: Եվ Արտաշեսյանները (մթա 189-1) Հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին…

Մթա 189 թվականին, հռչակելով հայոց անկախությունը և գահ բարձրանալով՝ Արտաշես Ա միավորեց Հայաստանից անջատված ծայրագավառները: Հույն պատմիչ Ստրաբոնը հաղորդում է, որ Արտաշեսին հաջողվել էր իր իշխանության տակ միավորել հայախոս բոլոր երկրամասերը, բացառությամբ Ծոփքի, ուր մթա 189 թվականին գահ բարձրացավ դարձյալ Երվանդունիների տոհմից, Արտաշեսի զինակից Զարեհն ու անկախ թագավորություն հիմնեց:

Իր երեսնամյա թագավորության շրջանում Արտաշես Ա մեծամեծ գործեր կատարեց: Նա հայոց երկրի սահմաններն ընդլայնեց երկրի չորս կողմերով, անգամ ջարդելով սելևկյան հզոր պետությանը՝ Մեծ Հայքին միավորեց Հյուսիսային Միջագետքի Տմորիք երկրամասը: Նա երկրում վարչական բարեփոխումներ իրականացրեց, աշխարհների, գավառների ու համայնքների միջև նոր հողաբաժանում անցկացրեց, սահմանաքարեր հաստատեց: Արտաշես արքան Արաքսի ու Մեծամորի միախառնման տեղում Արտաշատ մայրաքաղաքը կառուցեց: Նոր մայրաքաղաքի կառուցման հարցում նրա խորհրդականը Կարթագենի զորավար Հաննիբալն էր, ով պարտվելով Հռոմից՝ ապաստանել էր Արտաշեսի արքունիքում: Ի դեպ, Արտաշատն աշխարհում առաջին եռաքաղաք ձևաչափով կառուցված բնակավայրն  էր, առաջին քաղաքն էր, որ ուներ կայուն, հաստատված հատակագիծ: Հայոց արքան իր մայրաքաղաքը կառուցեց Սաթենիկ թագուհու աչքի նմանությամբ: Քերթողահայրը խոսելով Արտաշեսյան Հայաստանի շենության և հարստության մասին, նշում է, որ Արտաշեսի և Սաթենիկի հարսանիքին ոսկե անձրև էր տեղում…

Արտաշես Ա բացի Արտաշատից, այլ քաղաքներ ևս կառուցեց, որոնց, ի պատիվ իր հոր՝ անվանակոչեց Զարեհավան, Զարիշատ…

Նա նաև մի կարևոր ավանդույթի հիմք դրեց. Արտաշես Ա իր զավակներին վստահեց կարևորագույն պետական պաշտոններ՝ գործակալություններ, զորավարություններ՝ նրանց ընդգրկելով պետական կառավարման ապարատում՝ դրանով իսկ ամրապնդեց իր տոհմի իշխանությունը երկրում:

Արտաշեսը հայության սիրելին էր ու կրեց Բարի, Բարեպաշտ տիտղոսները: Երբ օր ծերության մահացավ հայոց արքան, հայոց աշխարհը սգաց: Քերթողահայր Խորենացու հաղորդման համաձայն՝ շատերը վշտից ինքնասպան եղան:

Արտաշեսին հաջորդեց նրա երեց որդին՝ Արտավազդ Ա (մթա 160-115): Արտավազդը խիստ, երբեմն դաժան, բայց արդարադատ գահակալ էր: Իր երկարատև տիրակալության ընթացքում պահպանեց հայոց աշխարհի շենությունն ու ընդարձակությունը: Հայ բանահյուսությունը ասք է հյուսել Արտավազդի մասին, հաղորդելով, որ նա Մասյաց լանջերին որսի ժամանակ ընկել է Մասյաց վիհն ու գերվել չարքերի կողմից: Եվ նա պետք է կարողանա խորտակել իրեն ժայռին գամած շղթաներն ու երկրում արդարություն հաստատել: Հայությունն իր սիրելի արքային նույնացրել է հայոց դիցարանի արդարադատության աստված Միհրի հետ:

Անժառանգ Արտվազդի մահից հետո, հայոց գահն անցել է նրա եղբորը՝ Տիգրան Ա (մթա 115-95): Տիգրանի կառավարման տարիներին Հայաստանի հարավում հզորացավ Պարթևաց թագավորությունը: Պարթևները հարձակվում են Հայաստանի վրա, վճռական ճակատամարտում հաղթանակ տանում և որպես պատանդ իրենց արքունիք տանում հայոց Տիգրան արքայորդուն: Տիգրան Ա հանկարծամահ եղավ ճամփորդության ժամանակ:

Մթա 95 թվականին, Տիգրան արքայազնը վերադառնալով գերությունից՝ ժառանգեց հայոց գահը (մթա 95-55):  Տիգրան Մեծը եղավ հզորագույնը հայ գահակալներից: Հայոց արքան իր թիկունքն ապահովելու համար, նախ, մթա 94 թվականին բարեկամության և ռազմական փոխօգնության դաշինք կնքեց Հայքի հյուսիսային հարևանի՝ Պոնտոսի զորեղ թագավորության հետ: Նա ընկճելով պարթևական թագավորությանը՝ նրանցից խլեց արքայից արքա տիտղոսը, նվաճումներ կատարեց Առաջավոր Ասիայում՝ հայոց երկրի սահմանները հասցնելով Արաբական թերակղզի և Եգիպտոս, Միջին Ասիայի խորքերը, Կովկասյան լեռները, Անատոլիական բարձրավանդակի խորքերը… Փառահեղ տիրակալի ժամանակ Մեծ Հայքը աշխարհի հզորագույն երկիրն էր: Նա նվաճեց նաև Սելևկյան պետությունը: Տիգրանյան Հայաստանի սահմաններն այնքան ընդարձակ էին, որ երկիրը միաժամանակ երեք մայրաքաղաք ուներ: Գլխավորը հայոց զորեղ արքայի կառուցած Տիգրանակերտն էր, հյուսիսում՝ Արտաշատը, հարավում՝ Անտիոքը:

Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանն Առաջավոր Ասիայի զորեղագույն տերությունն էր: Հայոց նավատորմը նավարկում էր Միջերկրական ծովում, հայոց երկրի համբավը, հզորությունը հեռուներն էր հասել: Մթա 69 թվականին, հզորացած Հռոմեական հանրապետությունը պատերազմ հայտարարեց Մեծ Հայքին: Տիգրան Մեծը պարտվեց պատերազմում: Մթա 66 թվականին Արտաշատում կնքված պայմանագրով, նա կորցրեց իր գրեթե բոլոր նվաճումները, բայց Մեծ Հայքի ամբողջությունը չխաթարվեց:

Տիգրան Մեծը խոր հետք է թողել նաև համաշխարհային մշակույթի վրա: Բավական է նշել, որ աշխարհում Տիգրան Մեծին նվիրված ավելի շատ օպերա է գրվել, քան մեկ այլ գահակալի վերաբերյալ: Եվրոպայի կոմպոզիտորները Տիգրան Մեծին նվիրել են 24 օպերա, բացի այդ՝ 17 օպերա նվիրված է Միհրդատ Եվպատորին, ուր Տիգրանը գլխավոր հերոսներից է: Հայ երգահաններից Տիգրան Մեծին անդրադարձել է միայն Տիգրան Չուխաջյանը:

Տիգրան Մեծին հայոց գահին հաջորդեց իր արժանավոր զավակը՝ Արտավազդ Բ հայոց արքան (մթա 55-34): Նա ոչ միայն հմուտ դիվանագետ էր, ռազմական քաջարի գործիչ, այլև՝ հին աշխարհի ամենաուսյալ, ամենակիրթ այրերից: Հույն և հռոմեացի պատմիչների հավաստմամբ՝ Արտավազդ Բ հայոց արքան թատերական գործերի՝ ողբերգությունների հեղինակ էր: Հայոց այս արքայի կյանքն էլ իրավ, մեծ ողբերգություն էր:

Որպես Հռոմի դաշնակից՝ նա մթա 54 թվականին պարտավոր էր միանալ հռոմեական զորավար Մարկոս Կրասոսի արկածախնդրությանը: Բայց հայոց խոհեմ արքան նուրբ դիվանագիտություն դրսևորելով՝ ոչ միայն չմիացավ Հռոմի ռազմակառքին, այլև դաշնակցելով պարթևների հետ պատերազմ հայտարարեց Հռոմին:

Մթա 53 թվականին, երբ հայոց մայրքաղաք Արտաշատում հայոց և պարթևաց արքաները հարսանեկան արարողություն էին կատարում՝ տոնելով պարթևաց արքայազն Բակուրի և հայոց արքայադստեր՝ Արտավազդի քույր Տիգրանուհու հարսանիքը, և թատրոնում դիտում էին Եվրիպիդեսի ,,Բաքոսուհիներ,, պիեսը, հույն դերասանը պարկից հանում է գլխատված Կրասոսի գլուխն ու նետում երկու արքաների ոտքերի առաջ:

Խառանի ճակատամարտում հայոց և պարթևաց միացյալ գնդերը այնպիսի սոսկալի ջարդ էին տվել Հռոմին, որ այն մինչ օրս համարվում է երբևէ Հռոմի կրած ամենախայտառակ պարտությունը…

Հետագայում, ցավոք, Արտավազդի և պարթևների միջև դաշինքը խզվեց: Հայոց արքան փրկեց հռոմի զորավար Մարկոս Անտոնիոսի կյանքը, ով պարտված ու ջախջախված պարթևական արշավանքից՝ փախուստի դիմեց ու ապաստանեց Հայաստանում:

Երախտամոռ Անտոնիոսը որպեսզի քողարկի իր խայտառակ պարտությունն Արևելքում՝ ծուղակ պատրաստեց հայոց արքայի համար և նրան ընտանիքով հանդերձ գերելով՝ Եգիպտոս տարավ մթա 34 թվականին: Նա հայոց արքային կյանք խոստացավ, եթե Արտավազդը գլուխ խոնարհեր եգիպտական թագուհի Կլեոպատրային: Արտավազդի պատասխանը խրոխտ էր. Իր արժանապատվությունը թույլ չի տա խոնարհվել եգիպտական լրբի առաջ: Անտոնիոսի հրամանով Արտավազդը գլխատվեց: Անգամ հռոմեացի պատմիչներն են պարսավանքով խոսում Անտոնիոսի այդ նենգ արարքի մասին՝ միաժամանակ հիանալով հայոց արքայի վեհությամբ:

Արտաշեսին փոխարինեց իր ոչ պակաս հայրենանվեր զավակը՝ Արտաշես Բ (մթա 34-20): Գահ բարձրանալով՝ Արտաշես Բ արքան հոր վրեժը լուծելու համար սրակոտոր արեց 30.000 հռոմեացիների: Արտաշես Բ պատրաստվում էր խորտակիչ հարված հասցնել Հռոմի արևելյան տիրույթներին, բայց դավադրաբար սպանվեց Օգոստոս կայսեր նախաձեռնությամբ:

Արտաշես Բ անժառանգ էր և Հռոմը որպես իր հարմար թեկնածու՝ հայոց գահին բազմեցնում է նրա եղբորը՝ Տիգրան Գ (20-8): Վերջինս սակայն, հուսախաբ արեց Հռոմին: Հաստատվելով հայոց գահին՝ նա արհամարհելով հռոմեական շահը՝ վարեց լրիվ ինքնուրույն ու անկախ քաղաքականություն:

Տիգրան Գ հաջորդեցին նրա զավակները՝ Տիգրան Դ և նրա քույր Էրատո թագուհին: Քույր ու եղբայր դարձյալ լիիրավ անկախ քաղաքականություն էին վարում Հայաստանում: Դա անհանգստացրեց Հռոմին և հռոմեական զորքերը մտնելով Հայաստան՝ գահընկեց արեցին Տիգրան Դ ու գահ բարձրացրին Արտավազդ Բ մյուս որդուն՝ Արտավազդ Գ: Սակայն հայությունը չհանդուրժեց ազգային արժեքներից խորթացած հռոմեական դրածոյին հայոց գահին և հայոց ավագանին ապստամբելով՝ գահազուրկ արեց Արտավազդին, իսկ հռոմեական բանակներն արտաքսվեցին Մեծ Հայքից: Արտավազդ Գ հռոմեական զորքերի հետ փախուստի դիմեց Հայաստանից և մահացավ ճանապարհին:

Սակայն, Տիգրան Դ արքան զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում, իսկ Էրատո թագուհին հրաժարվեց գահից: Հետագայում, 11 թվականին, Էրատոն դարձյալ կարճ ժամանակով գահ բարձրացավ: Բայց նրա գահակալությունը երկար չտևեց, և Արտաշեսյանների փառահեղ թագավորությունը մարեց…

 

Վահէ Լոռենց

Տպագրվել է ,,Անկախ,, շաբաթաթերթում, 2016 թվականի հուլիսի 21-ին

 

 

 

 

 

 

Facebooktwittergoogle_pluslinkedin