ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Արծիվը` երկնի տիրակալը, հպարտ ու խրոխտ էր: Նա ճախրում էր իր սիրած լեռներում, սավառնում թևատարած, ու որպես ուժեղ ու բարի տիրակալ` միշտ անդորր էր ու մենակյաց:
Արծիվը երջանիկ էր: Նա նա ուներ ամեն ինչ. երկինք, թևեր, ճախրանք, երազանք….
Բայց աշնանային մի տխուր օր դժբախտություն պատահեց. արծիվը կուրացավ: Նա խարխափում էր լեռներում, ճախրանքը չէր ստացվում, կորցրել էր աչքերի և բանականության լույսը, ու… լույս էր որոնում…
Այդժամ նրան պատահեց ագռավը: Սև ագռավը, որ աղբանոցում լեշ էր որոնում, լեշ էր կտցում: Ագռավը, որ չգիտեր ինչ է ճախրանքը, ինչ է երկինքը… նա ապրում էր ցածում, ապրում էր աղբանոցի մոտ, տների տանիքների տակ, ծառերի թևատարած ճյուղերի ներքո` ուր կարող էր հեշտությամբ կեր հայթայթել, ուր լեշ կար ու աղբ:
Բայց ագռավը խորամանկ էր: Տեսնելով արծվին պատահած դժբախտությունը` սլացավ նրա մոտ, հասավ նրան ու առաջարկեց իր ընկերությունը, առաջարկեց իր օգնությունը:
-Ո՞վ ես դու,-զարմացավ արծիվը: Նա մինչ այդ երբևէ չէր տեսել ագռավին: Երկնքում, բարձրության վրա ագռավներ չկան, նրանք ճախրել չգիտեն, նրանք ցածում են…
-Ես էլ քո նման թռչուն եմ, որ սիրում եմ սավառնել, սիրում եմ ճախրանքը, վսեմը, վեհը…
-Իսկ ինչու՞ ես քեզ առաջ չեմ տեսել…
-Որովհետև ես թաքուն եմ հետևել քեզ, չցանկանալով երևալ քո տեսադաշտում, թաքուն սիրելով քեզ, հպարտանալով քեզնով, որովհետև ամաչում եմ իմ սևությունից, քանզի ստվերի գույն եմ, իսկ դու մոտ ես արևին, որովհետև քո կողքը չէի կարող սավառնել…
-Իսկ հիմա ինչու՞ ես եկել…
-Տեսա տկար ես, տեսա չես կարող ճախրել, եկել եմ քեզ օգնելու… ընդունիր օգնությանս առաջարկը. ես կօգնեմ քեզ, կկազդուրվես, կճախրես, կսավառնես առաջվանից բարձր, առաջվանից ուժեղ…
Արծիվը հավատաց ագռավին, վստահեց ագռավին, քանզի ագռավը արծվին հավատացրեց, թե իր մթագնած աչքերի լույսը կլինի, խավարում կառաջնորդի նրան ու միասին կճախրեն` չզգալով ոչ մի բանի կարիք:
Եվ ագռավը թառեց արծվի ուսին ու միասին թռան… այսուհետ ագռավն էր առաջնորդում արծվին ամենուր:
Արծիվը ագռավին վեր հանեց, երկնքի վերին եզրերը, ուր ամեն ինչ պարզ էր, ամեն ինչ վճիտ էր, ուր լազուր էր և սև չկար:
Ագռավին դուր եկավ ճախրանքը: Նա թառած արծվի ուսին նոր հորիզոններ տեսավ, նոր արշալույսներ վայելեց, նոր եզերքներ սլացավ ու սիրեց ճախրանքը: Սիրեց կյանքը, սիրեց վեհն ու վսեմը:
Բայց, չնայած նրան, որ արծիվը աշխարհը տեսնում էր ագռավի աչքերով, ու ճախրում էր առաջվա պես, ուժեղ, հպարտ ու վսեմ, միևնույն է, նա թույլ էր, նա չուներ սեփական լույսը, նա անգամ կորցրել էր սեփական բույնը, քանզի գիշեր-ցերեկ ագռավի հետ էր:
Եվ այդ առիթից փորձեցին օգտվել արծվի թշնամիները` գիշանգղերը, որ խմբով, սև երամներով հարձակվեցին արծվի վրա:
Արծիվը չերկնչեց, չընկրկեց: Նա վստահում էր իր զինակցին ու դաշնակցին` ագռավին, և չնայած որ կույր էր, կռիվ տվեց գիշանգղերի դեմ. կենաց ու մահու կռիվ:399635_352290804852820_795691151_n
Կռիվը թունդ էր, արյունալի, արծիվն իր թևի հարվածնորեվ ջարդում էր գիշանգղերի բանակը, ցրում նրանց երամը, միշտ հաղթող էր այդ կռվում:
Կռիվը երկարեց. արծիվը հաղթում էր, բայց նա էլ վիրավոր էր, նա էլ շատ վերքեր ուներ, շատ արյուն կորցրեց, իսկ գիշանգղերը շատ էին:
Բայց ագռավը, գիշատիչ ագռավը, որ աջակիցն էր, օգնականն էր արծվի` կռվի վճռական պահին դավաճանեց նրան: Նա հեռացավ արծվից, հեռացավ` վճռական մարտից առաջ: Հեռացավ` որպես վարձատրություն իր ծառայության դիմաց, աչքերի լույսի դիմաց` արծվից պահանջելով իր թևերը: Իսկ թևերը արծվի զենքն էին` հզոր զենքը…
Ագռավը սիրում էր ճախրանքը: Այսքան ժամանակ նա արծվի ուսին թառած` ճախրել էր երկնքի բարձունքներում, սիրել էր վեհը, վսեմը…
Եվ ագռավը վերցնելով արծվի թևերը` թռավ… թռավ, նրան թողնելով գիշանգղերի ճիրաններում: Թռավ` հուսալով, թե այսուհետ ինքը կճախրի` արծվի թևերով, թե ինքն արծիվ է այլևս…
Բայց… ագռավը չկարողացավ ճախրել: Արծվի թևերը մեծ էին, ծանր էին նրա համար:
Չկարողացավ ճախրել, քանզի իր թևերով չէր ճախրանքը, քանզի իրենը չէին, օտար էին, ու նա թռչելով` ցած տապալվեց իր բարձունքից, ցած տապալվեց` ազատ անկման արագությամբ, ու ընկավ այն վիհը, որտեղից թռել էր, եկել արծվի մոտ…
Իսկ արծիվը….
Արծիվն այդ օրհասական պահին մեկեն զարթնեց, հանկարծ զգաստացավ, թափ տվեց իրեն, նրա վրա մի կախարդանքով դարձյալ թևեր բուսնեցին, աչքերի խավարը ցրվեց, լույս ստացավ ու մի զարկով տապալեց, ցրեց գիշանգղերի երամը….
Ապա արծիվը որոնեց ագռավին, որոնեց, ու չտեսավ նրան իր կողքին…. ագռավը արծվի թևերի ծանրությունից երերալով տապալվում էր, ընկնում էր…
Կռնչաց ցավից, կռնչաց վիրավորանքից արծիվը…
Մի քանի պտույտ գործեց ագռավի գլխավերևում ու թողեց, հեռացավ, հեռացավ դեպի վեր` դեպի երկնքի անհունը…
04.08.2014

Facebooktwittergoogle_pluslinkedin