ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեշնչման արարողությունների նախօրեին շատ էր խոսվում հայոց պահանջատիրության մասին: Դրա մասին խոսում էին գրեթե բոլորը, բայց որպես կանոն՝ հազվադեպ մարդիկ են, որ պատկերացնում են, թե ի՞նչ պահանջատիրության մասին է խոսքը, կամ ի՞նչ ենք պահանջում թուրքից, և առհասարակ, ունե՞նք պահանջատիրության իրավունք:

Եվ ինչպես միշտ՝ ապրիլի 25-ին հանրությունը մոռացավ թե՛ ցեղասպանության, թե՛ պահանջատիրության մասին: Եվ այսպես մենք դատարկ ու սին գոռում-գոչյուններով ենք ուզում հասնել մեր ազգային իղձին՝ հայոց պատմական հայրենիքի ազատագրմանը…

Եվ իսկապես. Ի՞նչ ենք պահանջում մենք թուրքերից՝ Թուրքիայից…

Հո՞ղ… եթե այո, ապա որքա՞ն, ի՞նչ սահմաններով:

Նախևառաջ, հարկ է գիտակցել, որ թուրքերը երբևէ Հայաստանը չեն գրավել, երբևէ հայոց պետականություն չեն կործանել: 11-րդ դարում նրանք հայտնվեցին Մերձավոր Արևելքում: 1045 թվականին մենք առանց կռվի, առանց արյուն թափելու, մեր պետականությունը կորցրեցինք: Այն հանձնեցինք Բյուզանդիային՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ-կաթողիկոսի՝ Պետրոս Ա Գետադարձի դավաճանության արդյունքում: Միայն դրանից 19 տարի անց՝ 1064 թվականին, թուրքերը գրավեցին Հայաստանը Բյուզանդիայից: Հետևաբար՝ թուրքերը հայոց պետություն, պետականություն չեն գրավել և չեն կործանել: Մենք ինքներս ենք այն օտարին հանձնել, կամովին ստրկացել… Եվ 11-րդ դարից այսդին պատմական հայրենիքի սահմանների վրա այլևս պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Իսկ 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց Ռուսաստանից ազատագրված տարածքներում, այլ ոչ Թուրքիայից:

Այսինքն՝ իրավական և ոչ մի հիմք չունենք՝ Թուրքիայից պահանջել Մեծ Հայքի սահմաններով փոխհատուցում:

Եվ առհասարակ, արյան դիմաց հող թուրքերը կամովին երբևէ չեն զիջի:

Քաղաքական որոշ գործիչներ պնդում են, թե հարկ է պահանջել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով սահմանված Հայաստանը: Սա որքան էլ գայթակղիչ է՝ միևնույն է՝ դարձյալ իրավական որևէ հիմք չունի: Սևրի պայմանագիրը մնաց և կմնա թղթի վրա: Հայաստանի հանրապետությունը հրաժարվել է նրանից:

Թերևս իրավական առումով որոշ հնարավորություն կա թուրքերից պահանջել Կարսի մարզը, որ Հայաստանի առաջին հանրապետության մաս էր կազմում և թուրքերին է անցել 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: Սակայն Կարսը թուրքերին անցավ ամենևին էլ ոչ ցեղասպանության արդյունքում, այլ՝ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմում մեր պարտության հետևանքով, ինչն ամրագրվեց վերոնշյալ պայմանագրերով:

Ի դեպ, Հայաստանի հանրապետությունը ի դեմս առաջին նախագահ (այն ժամանակ դեռևս Գերագույն խորհրդի նախագահ) Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1991 թվականին պաշտոնապես հայտարարեց, թե Հայաստանի հանրապետությունը որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ՝ ճանաչում է Խորհրդային Հայաստանի կնքած բոլոր միջազգային պայմանագրերը: Սույնով Հայաստանի հանրապետությունը հայտարարել է, որ Թուրքիայից որևէ տարածքային պահանջ չունի, քանզի Խորհրդային Հայաստանը ստորագրել է Կարսի պայմանագիրը:

Հետևաբար հարգելիներս, ի՞նչ պահանջատիրության մասին է խոսքը:

Այսօր հայոց պատմական հայրենիքի հանդեպ ավելի մեծ պահանջատեր են այնտեղ բնակվող քրդերը, ովքեր կենաց ու մահու պայքար են մղում մեր հայրենիքում անկախ Քրդստան ստեղծելու համար: Պայքար են մղում զենքով… և եթե հանկած քրդերը հասնեն հաղթանակի՝ հայոց պահանջատիրության գաղափարն անգամ պետք է թաղված համարել: Մեզ ձեռնտու չէ քրդերի հաղթանակը մեր պատմական հայրենիքում:

Ըստ էության՝ իրավական առումով հողային պահանջատիրություն ներկայացնել գրեթե անկարող ենք:

Կարծում եմ՝ անգամ նյութական պահանջատիրություն ներկայացնել անկարող ենք: Նախ՝ Հայաստանի հանրապետությունը երբեք չի կարող հանդես գալ որպես 1915 թվականին բնաջնջված օսմանյան քաղաքացիների իրավահաջորդ կամ իրավահաջորդների պաշտպան: Ուղղակի՝ 1915 թվականին ազգային պետություն չենք ունեցել: Ապաև՝ ենթադրենք՝ թուրքերը պատրաստ են նյութապես հատուցել… ու՞մ հատուցեն… Հայաստանի հանրապետությա՞նը… իրավական առումով խոցելի է նման պահանջատիրոթյունը:

Թուրքիայից պահանջատիրությամբ կարող են հանդես գալ եղեռնի զոհերի ժառանգները, եթե այդպիսիք կան ու կարող են փաստացի, իրավական հիմքեր ներկայացնել: Ցավոք, չնչին մասն ունի այդ փաստացի հիմքերը: Նաև՝ այդ պահանջատիրությունը սոսկ մասնավոր բնույթ կարող է կրել, բայց ոչ ազգային, պետական…

Եվ այսպես, բարի եղեք բացատրել, թե Թուրքիայից ի՞նչ և ինչպե՞ս ենք պահանջատեր: Բացատրեք առանց հուզականության, խելամիտ ու փաստարկված…

Հ.Գ. Առհասարակ, եթե պահանջատեր ենք, հապա ինչու՞ Հայաստանի հանրապետությունը անցած 26 տարիների ընթացքում հանդես չի եկել պահանջատիրությամբ: Անգամ այնքան անողնաշար պետություն ենք, որ չենք հրաժարվել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը ճանաչելուց:

Նաև՝ ի վերջո՝ պահանջատեր լինելուց առաջ նախ հարկ է հզոր հայրենիք և կայացած, ազգային արժեհամակարգով զինված հանրություն ունենալ… թե չէ՝ եթե անգամ մարդասպան թուրքը կախարդական փայտիկի մի հարվածով հումանիստ դառնա և մեր հայրենիքը մեզ վերադարձնի՝ մենք դարձյալ կկորցնենք այն, կկորցնենք՝ առանց կռիվ ու պայքարի…

Եվ ոչ ոք, երբեք իրավարար վճիռներով հող չէ տալիս ուրիշի… թեկուզ եթե հողի այդ պահանջը արդարացի է: Իսկ մեր պահանջն արդարացի է, բայց ցավոք, ոչ իրավացի… ոչ իրավական…

Եվ եթե մենք այսօր չենք կարող այս մի բուռ, հողի այս փոքրիկ կտորի վրա արդար, իրավական, ազգային արժեհամակարգով պետականություն ստեղծել, արդեն քառորդ դար է այս վիճակում ենք՝ նվաստ, չքավոր, բևեռացած, անիրավ ու ուղղակի՝ փչացած…  մենք մի՞թե կարող ենք պահանջատեր լինել..

Ավա՜ղ, պահանջատիրության մասին բարձրագոչ այդ խոսքերը սոսկ հույզեր են, սնափառությունից ու սեփական անզորության գիտակցությունից բխած դատարկ աղմուկ միայն…

Ուզու՞մ ենք վրեժ լուծել թուրքից, հետ բերել պատմական հայրենիքը՝ ուրեմն պետք է համախմբվենք մեկ՝ ազգային գաղափարի, ազգային վարդապետության, ազգային արժեհամակարգի շուրջ, ու ամենս ամեն պահ մեկ քայլ կատարենք դեպի մեր ազգային իղձերի իրականացումը:

Facebooktwittergoogle_pluslinkedin