Անկախության խորհուրդը

Անկախության օրն է:

Թերևս, պետության, ազգի առաջնային, գլխավոր տոնը:

Թերևս… բայց ավաղ, դեռ միայն թղթի վրա: Քանզի դեռևս այս տոնի խորհուրդը հասարակական լայն շերտերը չեն ընկալում: Մենք ոչ թե տոնում, այն նշում ենք այս օրը… Ավաղ…

Անկախության օրն է…

Որքա՜ն արյուն թափվեց, որքա՜ն տառապանքի գնով ձեռք բերվեց հայոց մերօրյա անկախությունը: Բայց ցավոք… եղան մարդիկ, ովքեր անկախության ծնունդ մեր պետությունը ծառայեցրին իրենց նեղ անձնական շահերին: Թալան, կողոպուտ, անօրինություններ…

Ցավոք… 21-րդ դարի հայը, ով հարյուրամյակներ շարունակ տենչացել է անկախության մասին, չկարողացավ փայփայել այն…

Մենք, այսօր էլ լիակատար անկախ չենք:

Դեռ պետք է անկախանալ հարևանների կախվածությունից, պետք է անկախանալ վատ ու հոռի բարքերից, պետք է անկախանալ տգիտության աղտից…

Դեռ լիարժեք անկախ չենք….

Լիարժեք անկախ չենք, քանզի մեր պետությունը դեռևս ազգային չէ: Դեռ ազգային նոր արժեհամակարգի կերտման ճանապարհին չենք, ազգային իղձերի իրականացման ուղին չունենք…

Ցավոք…

Այս անկախության միակ, բայց մեծ ձեռքբերումը թերևս, Արցախն է, դեռ թերի, կիսատ անկախ, բայց փաստացի ապրող Արցախը…

Մենք լիակատար անկախ պետություն կդառնանք, երբ կկառուցենք աշխարհիկ, ազգային, իրավահավասար, առանց սոցիալական անարդարությունների զորեղ մի երկիր, ուր ամեն քաղաքացի իրեն ոչ միայն ազատ կզգա, այլև՝ պաշտպանված ու հպարտ:

Լիակատար անկախ կլինենք, երբ ազգային իղձերի իրականացման՝ հայոց պատմական հայրենիքի բզկտված հատվածների միավորման ուղին կնախանշենք…

Լիակատար անկախ կլինենք, երբ կունենանք բաց հասարակություն, երբ ամենուր իրերն իրենց անուններով կկոչվեն:

Երանի այդ ժամանակներին…

Եվ, անկախության այս սերունդը թող ուխտե, որ ամեն մի սերունդ, քայլ անի առաջ՝ դեպի ազգային իղձերի իրականացում, ամեն մի սերունդ թող մի փոքրիկ հողակտոր ազատի հայոց հավիտենական հայրենիքից…

Փա՛ռք հայրենիքին:

Facebooktwitterlinkedin