Tirar-Travel logo
flag armenia flag gb flag russia

Պատմություն

Հայաստանի հանրապետությունը հայերի հայրենիքն է: Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են, համաշխարհային քաղաքակրթության հիմնադիրներից մեկը: Հայերը առաջավորասիական ժողովուրդ են, որ ապրում են իրենց պատմական հայրենիքում վաղնջական ժամանակներից: Հայ էթնոսի ինքնանունը ծագել է հայերի առաջին թագավոր Հայկից, իսկ օտարները հայերին արմեն են կոչում, որ նշանակում է արարված մարդ: Հայկական առաջին պետությունը հիմնվել է դեռևս մթա 2492 թվականին, երբ հայոց առաջին թագավոր Հայկը ջախջախելով ասորական զորքին, սպանում է Ասորեստանի Բել թագավորին ու հիմնում առաջին հայկական պետությունը՝ Արատտան, որ թարգմանաբար նշանակում է Աստվածային սրբազան օրենքների երկիր: Հայկական առաջին պետությունը Առաջավոր Ասիայում գերիշխող դիրք էր գրավում և զբաղեցնում էր գրեթե 400,000 քառակուսի կիլոմետր տարածք՝ ողջ Հայկական բարձրավանդակը: Մթա 9-6-րդ դարերում հզորանում է մեկ այլ հայկական պետություն՝ Ուրարտուն, կամ՝ Արարատի թագավորությունը, որը Արգիշտի Ա թագավորի կառավարման շրջանում տարածաշրջանի հզորագույն տերությունն էր: Ուրարտուին փոխարինեց Երվանդունիների հայկական թագավորությունը՝ մթա 612-200 թվականներին, որի ժամանակ Հայաստանը Առաջավոր Ասիայի հզորագույն տերություններից էր՝ հարուստ մշակույթով ու քաղաքակրթությամբ: Մթա 189-1 թվականներին Հայաստանում կառավարում էր Արտաշեսյանների դինաստիան: Տիգրան Բ Մեծ արքայի օրոք՝ մթա 95-55 թվականներին, Հայաստանը դարձյալ դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Հայկական աշխարհակալության սահմանները ձգվում էին Սև ծովից մինչև Կասպից և Կարմիր ծովերը, Միջին Ասիայից մինչև Եգիպտոսի սահմանը: 53-428 թվականներին Հայաստանում կառավարում էր Արշակունիների դինաստիան: Նրանց կառավարման տարիներին՝ 301 թվականին Հայաստանն աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: 405 թվականին Մեսրոպ Մաշտոցն ստեղծեց ժամանակակից հայոց այբուբենը: 428 թվականին Հայաստանն ընկավ նախ Սասանյան Պարսկաստանի, իսկ 7-րդ դարից՝ Արաբական խալիֆայության տիրապետության տակ: Սակայն այս ամբողջ ժամանակաընթացքում երկիրը պահպանել է իր ներքին ինքնուրույնությունը: 885-1045 թվականներին Հայաստանում հաստատվեց Բագրատունիների թագավորությունը: Այն ընկավ Բյուզանդիայի հարվածներից, սակայն շատ չանցած՝ 1080 թվականին հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան հատվածում, հիմք դնելով Կիլիկիայի հայկական թագավորությանը, որ իր գոյությունը պահպանեց մինչև 1375 թվականը: Իսկ բուն Հայաստանի տարածքում 12-13-րդ դարերում հայկական անկախ պետականություն ստեղծվեց Զաքարյան դինաստիայի իշխանության ներքո: 13-րդ դարից Հայաստանը ընկավ մոնղոլների, Լենկ-Թեմուրի, ապա՝ թուրքմենական ցեղերի տիրապետության տակ: 16-րդ դարում Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Իրանի միջև: Այս իրավիճակը պահպանվեց մինչև 19-րդ դար, երբ ռուսական բանակը գրավելով Կովկասը՝ ռուսական տիրապետությունը հաստատեց Արևելյան Հայաստանի վրա: Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի իրականացրած հայոց ցեղասպանության արդյունքում շուրջ 1,500,000 հայեր սպանվեցին, գրեթե 2,000,000 հայեր տարագրվեցին Հայաստանից: 1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայ իհերոսամարտերում ջախջախեց Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական բանակին և հռչակվեց Հայաստանի հանրապետությունը: Նրա տարածքը ընդգրկում էր ներկայիս ՀՀ տարածքից բացի Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը, Կարսի մարզը և կազմում էր շուրջ 87,000 քառակուսի կիլոմետր: 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրով Հայաստանին պետք է վերադարձվեր ևս 110,000 քառակուսի կմ տարածք: Սակայն Խորհրդային Ռուսաստանը, Քեմալական Թուրքիան և Ադրբեջանը դաշնակցած՝ խեղդեցին Հայաստանի անկախությունը, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանը կորցրեց իր անկախությունը: Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ 1922 թվականից Խորհրդային Հայաստանը մաս կազմեց ԽՍՀՄ-ին: 1988 թվականը բախտորոշ էր հայության համար: Նախ, Լեռնային Ղարաբաղում սկսվեց ազգային-ազատագրական պայքար Ադրբեջանի բռնակալության դեմ: Ադրբեջանի սանձահարած պատերազմը ավարվեց 1994 թվականին՝ Ադրբեջանի պարտությամբ: Վերջինս զինադադար խնդրեց, որը պահպանվում է մինչ օրս: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում ավերիչ երկրաշարժ եղավ, որի արդյունքում հայությունը տվեց ավելի, քան 25.000 զոհ: Շուրջ 1.000.000 մարդ մնաց անօթևան: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Հայաստանի հանրապետությունը ժողովրդավարական, ազգային պետություն է: ՀՀ սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին: ՀՀ անդամակցում է ՄԱԿ-ին, ԱՊՀ-ին, ԱՀԿ-ին, Եվրոխորհրդին, ավելի, քան 40 այլ միջազգային կազմակերպությունների: Հայաստանի հանրապետությունը բաժանված է 10 վարչական շրջանների՝ մարզերի: Կառավարման հատուկ կարգ ունի Երևան մայրաքաղաքը: Հայաստանում առկա են շուրջ 900 բնակավայրեր: Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է և աշխարհի հնագույն մայրաքաղաքը: Նրա տարիքը անցնում է 5000 տարեկանից: Սակայն պայմանականորեն, Երևանի հիմնադրման տարեթիվ է համարվում մթա 782 թվականը, երբ հայոց Արգիշտի Ա արքան նրա այսօրվա վարչական տարածքում հիմնադրեց Էրեբունի ամրոցը: